Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով

Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունից հետո Ֆրանսիան այն պետությունն էր, որը ջերմորեն ընդունեց բազմաթիվ հայերի: Ֆրանսիայում են կայացել ու հռչակ ձեռք բերել այնպիսի մեծ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոն և ուրիշներ: 20-րդ դարի կեսերին նրանց անունների կողքին հայտնվեց նաև Ռոզի Արմենի անունը, ով իր նուրբ ու բացառիկ ձայնով, հմայիչ ու կանացի բեմական կերպարով գերեց ոչ միայն հայերի, այլև օտարների սրտերը», ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ռոզի Արմենը պատմել է իր մշակութային գործունեության, անցած ուղու և ունեցած ձեռքբերումների, նշանավոր հայ գործիչների հետ հանդիպումների ու նրանցից քաղած դասերի մասին: Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում՝ Ռոզի Արմենը փորձել է ճանաչել ու պահպանել հայկական ավանդույթները: Նրա ստեղծագործական գործունեության առանցքում եղել է հայ մշակույթը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գաղափարը:

Բարձր գնահատելով Ռոզի Արմենի վաստակը Սփյուռքում հայկական երգարվեստը տարածելու գործում, ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար երգչուհին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Ռոզի Արմենը նշել է, որ հայ երաժշտության մեծ երախտավորի` Կոմիտասի անունը կրող մեդալը ոգևորիչ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---