Զգուշացում. Սեղմ ժամկետներում է պետք ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները

Զգուշացում. Սեղմ ժամկետներում է պետք ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Սարդարապատ համայնքում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետը, կարևորելով գյուղացիական տնտեսություններին ժամանակին և անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը, ՋՕԸ ղեկավարներին հորդորել է սեղմ ժամկետներում ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները և արդեն պատրաստվել ոռոգման կազմակերպման աշխատանքներին:

Քննարկվել է մարզի որոշ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի 163 - Ն որոշմամբ ընդհանուր առմամբ շուրջ 440 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի որոշ տարածքներում սակավաջրության խնդիրը լուծելու համար: Տեղեկացվել է, որ արդեն մեկնարկել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ իրականացվելիք աշխատանքների արդյունքում նշված տարածքներում էապես կբարելավվի ջրամատակարարումը: Նա հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման համար դժվարություններ ընթացքում չառաջանան:

Ա. Գևորգյանն այցելել է նաև մարզի Հայկավան, Մրգաշատ համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում նշված համայնքներում առաջիկայում կմեկնարկեն դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները, այդ նպատակով ընդհանուր առմամբ 100 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների հետ: Նա նաև տեղերում պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի ընթացքը, կարևորել աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագիրը ևս հիմնականում ուղղվել է դպրոցների վերանորոգմանը: Միայն այս ծրագրի շրջանակում մարզում կվերանորոգվի 18 դպրոց, որին կուղղվի 1 մլրդ դրամ` մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---