Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահը կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հաջորդ շաբաթ նախատեսվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Բրյուսել եւ եվրոպական կառույցներ, որի ընթացքում երկրի ղեկավարը մտադիր է քննարկել համագործակցության հեռանկարները, մասնավորապես Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Անհատական գործողությունների ծրագրի հետ կապված հարցեր: Կարեւորելով եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն որակապես նոր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ անդամ երկրների հետ` բացելով համագործակցության նոր հնարավորություններ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հայկական կողմը մտադիր է Անհատական գործողությունների ծրագրի շրջանակում հստակեցնել առանձին երկրների հետ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն, ինչը հնարավորություն կտա աշխատել ավելի արդյունավետ ու գործնական: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Նրանք միակարծիք են եղել, որ առաջարկվող բարեփոխումները մեծ առաջընթաց են եւ թույլ կտան համապատասխանեցնել Սահմանադրությունը եվրոպական չափանիշներին:
 Ուշագրավ
---