Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն

Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանն ու առաջիկա անելիքներին: Ելույթում Հանրապետության ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արևելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների և գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը:

Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովից հետո հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում անձամբ Վիլֆրիդ Մարտենսի և ԵԺԿ ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաև ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար: Կողմերը կարևորել են նաև միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---