Բյուրականի աստղադիտարանն արդիականացվում է

Բյուրականի աստղադիտարանն արդիականացվում է

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Բյուրականի աստղադիտարան: Արթուր Բաղդասարյանն աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց աստղադիտարանում, տեղում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին:

Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում, 2012թ.-ից «Ռոսկոսմոսի» կողմից իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի աշխատանքները ընթացել են 3 տարի: Ծրագրի իրականացման գործում ակտիվ դեր է կատարում «Ռուսհամագործակցություն» հայաստանյան ներկայացուցչությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձևափոխված առաջատար երկու դիտակները, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույնները աշխարհում: Դրանց կավելացվեն նաև «ՊՐՈԵԿՏ-ՏԵԽՆԻԿԱ»-ի կողմից պատրաստված և այս տարվա մայիս-հունիս ամիսներին ներկրվող 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակները` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:

Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին, որի ընթացքում ֆինանսական ներդրումների ծավալը կգերազանցի 5 մլն. եվրոն: Դրա արդյունքում Բյուրականի աստղադիտարանը կգործի իր ողջ ծավալով և կարևոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի և գիսաստղերի ու երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:

Աստղադիտարանի անձնակազմը այսօր բաղկացած է շուրջ 40 գիտաշխատողից (ԽՍՀՄ տարիներին այն կազմում էր ավելի քան 300 աշխատակից): Աստղագիտարանին պետական բյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 85 մլն. դրամ ֆինանսավորում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---