ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խոսելով իր այցելության նպատակների մասին` Ռ.Սիմոնսը դրանց մեջ առանձնացրեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մշակման եւ իրագործման համար պատասխանատու հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, որոնք նա բնութագրեց որպես շատ արդյունավետ: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին հանդիսանում է Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղկացուցիչներից մեկը: Հայաստանը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա վերջը ավարտել IPAPաշխատանքային ծրագրի մշակման աշխատանքները, ինչը թույլ կտա 2006 թվականին սկսել ծրագրի իրականացման գործընթացը: Այս առումով կարեւորվեց ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման ու երկրի պաշտպանության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացման նշանակությունը: Կողմերը նաեւ կարեւորեցին հասարակության լայն շրջանակների իրազեկումը ՆԱՏՕ-ի նպատակների եւ քաղաքականության եւ մասնավորապես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ: Ռոբերտ Սիմոնսի խնդրանքով ԱԳ նախարարը ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները:
 Ուշագրավ
---