Աշոտյանը` Օսկանյանին. Ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները

Աշոտյանը` Օսկանյանին. Ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի դիտարկումներին` ավագանու ընտրությունների և Երևանի ղեկավարման շուրջ:

«Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: Ըստ ՀՀԿ փոխնախարարի` ընդհանուր առմամբ Վարդան Օսկանյանի ծրագրային գրառումը չեր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:

«Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա, շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:

Վարդան Օսկանյանն ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն, ինչու ոչ:

Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:

Հարց 1. Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչու՞ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:

Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղենա»:

Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչու՞ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:

Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:

Հարց 5. Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարար է լինելու մեր, երևանցիներս, ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար»,- գրել է Արմեն Աշոտյանը:

 Ուշագրավ
---