Օմբուդսմեն. Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը![]() 2 ապրիլի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցով: Զեկույցում մասնավորապես ասվում է. Ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետև՝ • Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ: • Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են: • Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: • Ստացված 293 ահազանգերի դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները: • Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք: • Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից: • Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը: Ընտրություններն ավելի ազատ էին, որովհետև՝ • Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել: • Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր: • Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները և հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար: • Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը: • Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտությունը (ֆորմալիզմը): • ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ և հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում և միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում): • Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ: • Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը: • ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել և առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ: • Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետևաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ և չեն իրագործվել միասնականորեն մշակված և մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով: 2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ ամբողջական զեկույցին՝ ընտրակաշառքների, կրկնաքվեարկության և ընտրակեղծիքների այլ դեպքերին ու ահազանգերին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետային կայքէջ՝ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/1686, ասվում է ՄԻՊ աշխատակազմի զեկույցում : Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |