Երևան. «Առաքելության» առաջին առաքելությունը

Երևան. «Առաքելության» առաջին առաքելությունը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին «Առաքելություն» կուսակցությունը կմասնակցի «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան. մեր առաջին առաքելություն» կարգախոսներով: Այս մաիսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, ով գլխավորում է «Առաքելության» ցուցակը:«Բացի ընտրություններից կուսակցություններն այլ քաղաքական գործընթացի չեն կարող մասնակցել, և մենք որոշեցինք մասնակցել այս ընտրություններին, քանի որ մենք տեսնում ենք մեզ Երևանի կառավարման մասնակից»,– ասաց նա: Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված կուսակցությունը պատրաստվում է առաջարկել կառավարման էապես տարբերվող մոդել։ Ըստ Մեսրոպ Առաքելյանի` իրականում Երևանի բյուջեն մի քանի անգամ ավելանալու պոտենցիալ ունի, և իրենց առաջարկներով դա հնարավոր կլինի կյանքի կոչել։

Ասուլիսին ներկա էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, ով նշեց, որ իրենք են այս ընտրություններին մասնակից մյուս բոլոր ուժերի մրցակիցը և ավելացրեց, որ պատրանքներ չունեն, թե այս ընտրությունները կլինեն արդար, արդեն սկսվել են խախտումներ։ «Երևանը ոչ մեկինը չէ, Երևանը բոլորինն է, և մենք փորձելու ենք այլ ուժերի ներկայացուցչի հետ հանդիպել՝ առկա խնդիրները լուծելու համար»,–ասաց նա։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի` իրենց ասպարեզ գալը բոլոր քաղաքական ուժերի մոտ իրարանցում է առաջացել, և խանդ է դրսևորվում իշխանական և ընդդիմադիր ուժերի կողմից։

 Ուշագրավ
---