Ֆրանսիայում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի զարգացման համար միջոցների հավաքագրման ֆոնոթոնը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Ֆրանսիայում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի զարգացման համար միջոցների հավաքագրման ֆոնոթոնը: Ֆոնոթոնի ընթացքում նվիրաբերած գումարները կուղղվեն պատերազմական շրջանում առավելապես տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի զարգացմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը օրերս Ստեփանակերտում նշել է, որ հիմնադրամը «Արցախի վերածնունդը» նոր ծրագիր է սկսում Լեռնային Ղարաբաղում: Ծրագիրը կիրականացվի 3 փուլով: Առաջին փուլում կվերականգնվի Մարտակերտի շրջանը, որը շատ հեռանկարային է գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացման տեսակետից: Մարտակերտի շրջանի զարգացումը ենթադրում է տնտեսական, մարդասիրական եւ դեմոգրաֆիկ բնույթի մի շարք հարցերի լուծում: Մասնավորապես, կվերականգնվեն տեւական ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ժամանակ տուժած ենթակառուցվածքները, կենսական նշանակության օբյեկտները, նախադրյալներ կստեղծվեն շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Հատուկ ուշադրություն կդարձվի գյուղատնտեսության զարգացմանը` այս ոլորտի ծրագրի վրա աշխատել են մի խումբ գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Երկրորդ փուլում կվերականգնվի Հադրութի շրջանը, իսկ երրորդ փուլում նախատեսվում է ավարտել ավելի քան 160-կիլոմետրանոց «Հյուսի-Հարավ» մայրուղու շինարարությունը, որը ռազմավարական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի համար: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում, ընդգծել է Ֆրանսիայում կայանալիք ֆոնոթոնի եւ ԱՄՆ-ում կայանալիք հեռուստամարաթոնի տնտեսական, սոցիալական, հոգեբանական, կրթական եւ մշակութային նշանակությունը Արցախի ժողովրդի համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---