ՀԱԿ-ի աննախադեպ լինելու, Տեր-Պետրոսյանի տարիքի ու ԲՀԿ ֆինասավորման մասին. Զուրաբյանի պարզաբանումները

ՀԱԿ-ի աննախադեպ լինելու, Տեր-Պետրոսյանի տարիքի ու ԲՀԿ ֆինասավորման մասին. Զուրաբյանի պարզաբանումները

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծումից հետո կարելի է համարել, որ ՀԱԿ–ի ներսում առկա ճգնաժամը հաղթահարված է, ասում է ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մեր հիմնադիր համագումարը բոլորին ապացուցեց, որ գործ ունենք հզոր, պայքարի պատրաստ գաղափարական ուժի հետ, որն այլևս որևէ կապանք իր ներսում չունի։ ՀԱԿ–ը պատրաստ է մարտի, պատրաստ է շատ ագրեսիվ ընտրապայքարի։ Մեր քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող քննադատություններին, թե նախագահի ընտրությունների ժամանակ նա հայտարարել էր, որ չի մասնակցի, քանի որ իր տարիքը թույլ չի տալիս, իսկ այժմ այդ տարիքը չի խանգարում ղեկավարել ՀԱԿ կուսակցությունը, Լևոն Զուրաբյանը նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ապա ավելացրեց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է ղեկավարել կուսակցությունը, ուրեմն նրա տարիքը չի խանգարում»:

Նա տեղեկացրեց, որ մոտ երկու հազար անկուսակցական մարդ է անդամագրվել ՀԱԿ-ին և մարդկային ռեսուրսների առումով, ըստ Լևոն Զուրաբյանի, ՀԱԿ–ը շատ ավելի հզոր է, քան երբևէ։ «Փորձեր են արվում, որ ընդդիմադիրները սկսեն քննադատել իրար, բայց դա իշխանությունների երազանքն է և ՀԱԿ–ը իրեն ընդդիադիր ուժ հորջորջող ուժին բնորոշ այդ խաղի մեջ չի մտնելու։ Ով դրա մեջ չի ներքաշվում, ով վճռականորեն չի շեղվում իշխանությանը քննադատելուց, այ դա էլ հենց իսկական ընդդիմադիր ուժն է»,- ընդգծեց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց միավորման հիմքում գաղափական պլատֆորմ է և ՀԱԿ-ն առաջին կուսակցությունն է, որը նախատեսում է ֆրակցիաների ստեղծում, երբ մարդիկ հնարավորություն կունենան գաղափարախոսական հենքի վրա ստեղծել ֆրակցիաներ:

Նա ապուշություն որակեց շրջանառվող լուրը, թե ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ-ին: Լևոն Զուրաբյանը նշեց, որ բանակցություններ են վարում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ, ամեն ինչ արվում է միասնական գործ կատարելու համար:

 Ուշագրավ
---