Հռոմի պապը պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձին

Հռոմի պապը պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձին

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:

Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք», - ասված է Ֆրացիսկոս պապի նամակում:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես և Վատիկանում: Նորին Սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները և արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---