Փարիզի քաղաքապետ. Ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի![]() 24 ապրիլի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը: Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի և Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Փարիզի քաղաքապետը ընդգծեց հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարևոր դրսևորումներից մեկը: Քաղաքապետի ելույթին հաջորդեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի և Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնեցին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ շնորհվեց միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության և այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշեց, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են և նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով: «Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշեց դեսպան Չիտեչյանը և հավելեց, որ հարատև խաղաղ համակեցության համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետևելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |