Դեկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Պաշտոնական այցի շրջանակներում Միխաիլ Ֆրադկովը դեկտեմբերի 2-ին կառավարությունում հանդիպում կունենա իր գործընկեր` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով, որի ավարտին տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Անդրանիկ Մարգարյանը եւ Միխաիլ Ֆրադկովը հանդես կգան նաեւ համատեղ մամլո ասուլիսով: Երեկոյան երկու երկրների վարչապետները կմասնակցեն եւ ելույթներ կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Դեկտեմբերի 3-ին Մ.Ֆրադկովը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, ապա կմեկնի ՀՀ կառավարության շենքում կազմակերպված Ռուսական ազգային ցուցահանդես: Օրվա երկրորդ կեսին ՌԴ վարչապետին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ երեկոյան Էջմիածնում կկայանա Մ.Ֆրադկովի հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Օրվա ընթացքում ՌԴ կառավարության նախագահը կմասնակցի «Արմենալ» արդիականացված ձեռնարկության գործարկման, մայրաքաղաքի Արաբկիր համայնքում Պետրոս Առաջինի հուշարձանի հիմնարկեքի արարողություններին: Այցի շրջանակներում տեղի կունենա նաեւ «Ռուսաստան եւ Հայաստան. իրականություն ու հեռանկարներ» թմայով տնտեսական համաժողովը: Դեկտեմբերի 3-ի երեկոյան ՌԴ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երեւանից:
 Ուշագրավ
---