ԼՂՀ ԱԳՆ. «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը

ԼՂՀ ԱԳՆ. «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։

Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում և նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի և դատապարտման շնորհիվ։

Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։

Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, «Օղակ» գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---