Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր չորսօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այսօր ուշ երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հանդիպումը, որից հետո վարչապետները կմասնակցեն նաեւ Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական բացման արարողությանը: Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Այնուհետեւ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական փակման, ինչպես նաեւ հայ-եգիպտական գործարար համաժողովի բացման արարողություններին, կայցելի Կահիրեի համալսարան:



Դեկտեմբերի 7-ին, Կահիրեում վարչապետը կայցելի Հայոց Առաջնորդարան, որտեղ կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լուքսորի նահանգ, Կարնակի տաճար: Անդրանիկ Մարգարյանը հանդիպում կունենա Լուքսորի նահանգապետի հետ: Պաշտոնական այցը կեզրափակվի Ալեքսանդրիա կատարած այցելությամբ, որտեղ ՀՀ վարչապետը կհանդիպի Ալեքսանդրիայի նահանգապետի հետ, կայցելի Ալեքսանդրիայի նշանավոր գրադարան, Ալեքսանդրիայի Հայոց Առաջնորդարան, որտեղ հանդիպում կունենա նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
---