Վ.Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սկզբունքների պատերազմ է, այլ ժողովրդի ինքնորոշման պայքար

PanARMENIAN.Net - «Արդեն 30 տարի է անցել, ինչ ընդունվել է Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, եւ աշխարհն ու այն նպատակները, որոնց համար այդ ակտն ընդունվել է, փոփոխվել են»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի Լյուբլյանայում կայացած նիստում, հաղորդումէ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միեւնույն ժամանակ, նշել է նա, այդ փաստաթղթում արծարծված սկզբունքները, նորմերն ու արժեքները դիմացել են ժամանակի փորձությանը, չնայած այն հանգամանքին, որ այն միջոցները եւ գործիքները, որոնք մասնավորեցվել, քաղաքականապես նպաստել ու պաշտպանել են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, արդեն փոփոխվել եւ հարմարեցվել են: Խոսելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ապագայի մասին` նախարարը նշեց, որ փաստաթղթի իմաստը կպահպանվի եւ կպաշտպանվի միայն այն դեպքում, եթե հարգվի դրա էությունը: «Ահա թե ինչու, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կոպտորեն խախտվում է, մենք շարունակում ենք աշխարհին հիշեցնել, որ սա սկզբունքների հակամարտություն չէ, այլ ժողովրդի ինքնորոշման պայքար: Հակամարտության սկսվելուց ի վեր միջազգային զարգացումները եւ ինքնորոշման գործընթացները աշխարհի տարբեր վայրերում հանգեցրել են միջազգային մտածողության արմատական փոփոխությունների: Պետությունների միջեւ զարգանում են նոր եւ հին հարաբերությունները: Մենք ականատես եղանք հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորի անկախությանը եւ Սուդանում համաձայնագրի ստորագրմանը, որը երկրի մի հատվածում անցկացված հանրաքվեով վերջ տվեց տասնամյակներ տեւած հակամարտությանը: Այսօր լրջորեն քննարկվում է Կոսովոյի կարգավիճակի խնդիրը»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:



Նրա խոսքերով, քաղաքագետների, իրավական եւ ակադեմիական փորձագետների շրջանում նկատվում է աճող հետաքրրություն որոշ պայմաններում ինքնորոշման իրավունքի ճանաչման իրականության եւ հնարավորության վերաբերյալ: Այդ հանգամանքները ճիշտ եւ ճիշտ ներկայացնում են այսօրվա Լեռնային Ղարաբաղի վիճակը: Ադրբեջանն այսօր որեւէ վերահսկողություն չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Վերջին 15 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերել ինքնիշխանության բոլոր հատկանիշները: «ԼՂ-ի այսօրվա իրավիճակն ամրապնդվում է հետեւյալ փաստերով: Առաջին, այն առանձնացել է իրավական առումով անխոցելի կերպով. ժամանակի օրենքների համաձայն եւ համապատասխան: Երկրորդ, ԼՂ-ի տարածքը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի իրավասության շրջանակներում: Երրորդ, Ադրբեջանը, բռնություններ իրականացնելով սեփական քաղաքացիները համարվող մարդկանց նկատմամբ, կորցրել է նրանց կառավարելու բարոյական իրավունքը: Եւ, վերջապես, դե ֆակտո քաղաքական իրականություն է այն փաստը, որ ԼՂ-ն ապացուցել է իր կարողությունը` անցկացնել ընտրություններ, կառավարել ժողովրդին, պաշտպանել իր սահմանները եւ վարել միջազգային հարաբերություններ: Այլ կերպ, կամ Հելսինկյան լեզվով ասած, նրանք իրականացնում են իրենց իրավունքը «առանց արտաքին միջամտության` կամովի իրականացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»: Դա նրանց իրավունքն է: Դա աշխարհի խոստումն է այն մարդկանց, ովքեր ապրում էին «երկաթե վարագույրից» այն կողմ, եւ նրանցից ոմանք, մեզ նման, նստած են այսօր այս սեղանի շուրջ: ԼՂ ժողովուրդը ոչ պակաս արժանի է այդ խոստմանը»,-ամփոփել է Վարդան Օսկանյանը:



Նշենք, որ Լյուբլանայում գտնվելու ընթացքում Վ.Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ իր գործընկերների հետ: Դեկտեմբերի 4-ի երեկոյան նա հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Այսօր նա հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի, Ռումինիայի ԱԳ նախարար Միհայ-Ռազվան Ունգուրեանուի հետ: Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Բորիս Տարասյուկի հետ:
 Ուշագրավ
---