Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին կառավարությունը հավանություն է տվել «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը: Կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։Օրինագիծը, մասնավորապես, բացառում է օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում 2014թ. հունվարի 1-ից: Երկրորդը, արգելում է հանքարդյունաբերության արտադրանքի վաճառքը նման ընկերություններին, և, երրորդը, արգելք է սահմանում ապրանքների, այդ թվում տեխնիկայի գնումների համար նման կազմակերպություններից:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։

Նա հայտնեց, որ կառավարությունն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։

Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---