ԵՊՀ-ն շրջանավարտների ամբողջական բազա կունենա

ԵՊՀ-ն շրջանավարտների ամբողջական բազա կունենա

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկել է երկօրյա դասընթաց, որի մասնակիցները Եվրոպական միության և «TEMPUS»-ի համաֆինանսավորմամբ իրականացվող «HEN GEAR» ծրագրի մասնակից հայկական 8 բուհերի, այդ թվում` ԵՊՀ-ի ներկայացուցիչներն են: Ծրագրի շրջանակում բուհերն իրենց համար կստեղծեն շրջանավարտների տվյալների բազա, որը հասանելի կլինի գործատուներին ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Ինչպես տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից, ԵՊՀ-ում ծրագրի իրականացմանը մասնակցելու են Միջազգային համագործակցության վարչությունը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը, Ուսումնամեթոդական վարչությունը, 7 ֆակուլտետներ և այլ ստորաբաժանումներ:

«HEN GEAR»-ի մանրամասները հայաստանյան բուհերի` շրջանավարտների գծով պատասխանատուներին ներկայացնելու էին եկել իտալական Alma Laurea համալսարանի կոնսորցիումի մասնագետները: Alma Laurea համալսարանի կոնսորցիումի անդամ են 64 համալսարաններ: Այնտեղ ծրագիրը ներդրվել է 2 տարի առաջ, սակայն բուն համակարգը Իտալիայում գործում է դեռեւս 1994 թ-ից:

«Այս նախագծի նպատակն է ապահովել հայաստանյան համալսարանների մասնակցությունը միջազգային պլատֆորմի ստեղծմանը: Փորձելու ենք օգնել համակարգի ներդրմանն ու տեղայնացմանը»,- ասել է ծրագրի միջազգային կապերի պատասխանատու Մատեոս Գարդին:

Բազաները ձևավորվում են շրջանավարտների լրացրած հարցաթերթիկների հիման վրա: Իտալիայում կիրառվող հարցաթերթիկներն արդեն հարմարեցվել են հայկական չափանիշներին, և արդեն այս տարվա հոկտեմբերից բազան կարող է համալրվել դրանցով: Տվյալների բազան հասանելի կլինի այն ձեռնարկություններին կամ անհատներին, ովքեր բուհի տվյալ ոլորտը համակարգող կառույցի հետ համաձայնություն ձեռք կբերեն:

Գարդին հայտնել է, որ բուհերն են որոշում` այդ հարցաթերթիկները լրացնելը կլինի պարտադիր, թե ըստ ցանկության, սակայն ամեն տարի բազայում պետք է լինեն շրջանավարտների գոնե 90 տոկոսի տվյալները: Ծրագիրն իրականացվելու է մինչև 2015 թ-ը, սակայն բուհերն այդ բազաները կարող են օգտագործել նաև հետագայում` դրանք պարբերաբար թարմացնելով:

Հայ մասնագետները մեկ անգամ արդեն եղել են Իտալիայում` Alma Laurea համալսարանում, և ծանոթացել են համակարգին տեղում: «Այնտեղ ցույց տվեցին մի քանի երկրների բուհերի շրջանավարտների բազան, որը կենտրոնացված էր մեկ վայրում: Բազայում հիմնականում շրջանավարտի մասնագիտության, տարիքի ու սեռի, որակավորման և լեզուների իմացության վերաբերյալ տվյալներ էին»,- պատմում է ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշալույս Հովհաննիսյանը:

Ծրագրին, ԵՊՀ-ից բացի, հայաստանյան բուհերից մասնակցում են ՀՊՏՀ-ն, ՀՊՃՀ-ն, ՀՊՃՇՀ-ն, Հայաստանի պետական ագրարային, Գավառի պետական, Գյումրու պետական մանկավարժական համալսարանները և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Յուրաքանչյուրն ունենալու է իր բազան:

«Վերջին 2 տարիների ընթացքում ԵՊՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում շրջանավարտների զբաղվածությանը: Գիտխորհրդի կազմում ստեղծվել է նաև հանձնաժողով, որի նպատակն է խթանել աշխատաշուկա-բուհ համագործակցությունը, հետևաբար մեզ համար շատ ողջունելի է այս համակարգի ներդրումը»,- նշել է ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---