Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի դպրոցներում կստեղծվեն բանավեճի ակումբներ

Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի դպրոցներում կստեղծվեն բանավեճի ակումբներ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր դասընթաց ուսուցանողների համար, որին մասնակցում էին Գավառի դպրոցների բարձր դասարանների աշակերտները: Վերջիններիս ցանկությամբ քննարկաման համար ընտրվել էին հետևյալ երկու թեմաները՝ «Կանանց և երեխաների բռնությունը ընտանիքում» և «Ծնողները որպես «պատասխանատուներ» երեխաների կողմից կատարված հանցագործությունների համար»:

Հանդիպման ընթացքում Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրեցին զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, թե ընտանեկան բռնությունից պաշտպանվելու ինչ հնարավորություններ ունեն նրանք և ում կարող են դիմել նման դեպքերում համապատասխան խորհրդատվություն և օգնություն ստանալու նպատակով: Նրանք տեղեկացան նաև, թե ոստիկանության, դատախազության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներն ինչ պարտականություններ ունեն այս հարցում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, ոստիկանության առանձին աշխատակիցներ անտեսում են իրենց դիմած բռնության զոհին և համապատասխան մոտեցում չեն ցուցաբերում նրան: Կարծիքներ փոխանակվեցին նաև այն մասին, թե որքանով են ծնողները պատասխանատու իրենց երեխաների կատարած հանցանքների կամ զանցանքների համար:

Ներկաները ծանոթացան, թե ինչ դեր ունի Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության հարցում, և որ դեպքերում կարելի է դիմել նրան: Դասընթացի ավարտին երեխաներին բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ և բուկլետներ, որտեղ մանրամասն նկարագրվում են ընտանեկան բռնության կամ այլ իրավունքների ոտնահարման դեպքում Պաշտպանին դիմելու կարգն ու միջոցները: Նշվեց նաև Պաշտպանի 116 թեժ գծի մասին, որին հնարավոր է ահազանգել յուրաքանչյուր խախտման դեպքում:

Ստացված գիտելիքները աշակերտները այնուհետև պետք է փոխանցեն իրենց կրտսեր ընկերներին, ծանոթացնեն նրանց իրենց բոլոր իրավունքներին և պարտականություններին: Այդ նպատակով ծրագրի երկրորդ փուլով Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի դպրոցներում կստեղծվեն բանավեճի ակումբներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---