Ադրբեջանում ֆանտաստիկայի ժանրը սիրում են. Ադրբեջանցի դիպուկահարները ԼՂՀ հետ սահմանին ռուս սպա են վիրավորել

Ադրբեջանում ֆանտաստիկայի ժանրը սիրում են. Ադրբեջանցի դիպուկահարները ԼՂՀ հետ սահմանին ռուս սպա են վիրավորել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները քիչ առաջ սկսել են տեղեկություն տարածել, թե ԼՂՀ հետ սահմանին ադրբեջանցի դիպուկահարները վիրավորել են ազգությամբ ռուս զինվորականի` Բոլոտնիկով ազգանունով: Լրատվամիջոցները հղում են տալիս զինվորական աղբյուրների ու հաղորդում նաև,որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Աղդամի շրջանում:

Նույն աղբյուրն ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, թե Բոլոտնիկովը զբաղվում էր հայ դիպուկահարների և դիվերսիոն խմբերի ուսուցմամբ: Ավելի ուշ, հայտնի չէ` ինչպես պարզվել է, որ ռուս սպան արդեն երկար ժամանակ Ղարաբաղում հայ դիպուկահարներին սովորեցնելուց բացի ինքն էլ մի քանի անգամ կրակել է ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ: Իսկ Ղարաբաղում իր գործունեության համար նույնիսկ պարգևատրվել է ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից:

Այս լրատվամիջոցները շեշտում են, որ սա 1-ին ռուս զինվորականն է, որ վերջին 10 տարում օգնել է հայ զինվորականներին և վնասազերծվել իրենց կողմից, իսկ 1992-1994թթ նման շատ զինվորականներ են սպանվել:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեց տարածվող տեղեկությունը` նշելով, որ այն հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: «Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, հայկական զինված ուժերն ի վիճակի են սեփական ուժերով պաշտպանել Արցախը», - ասաց նա:

Նույնը նշեց նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Լկտի սուտ է: Հայկական ուժերը ոչ 90-ականներին, ոչ էլ այսօր ոչ մի ռուս սպայի կամ մասնագետի ուսուցման կարիքը չեն ունեցել»:

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե նշված ռուս սպան Ղարաբաղում իր գործունեության համար պարգևատրվել է Սեյրան Օհանյանի կողմից:

Անդրադառնալով նույն լրատվամիջոցների տեղեկությանը, թե 8 հայ զինծառայողի վիրավորել են, իսկ 4-ի մահվան մասին տեղեկություն ունեն`նշեց. «Մենք Ադրբեջանի պես քարե դարում չենք ապրում, որ զինվորի վիրավորվելու կամ մահվան փաստը թաքցնենք: Եթե նման դեպքեր են լինում, մենք մեր քաղաքացիներին անպայման տեղեկացնում ենք»: Իսկ 2 մեքենա շարքից հանելու մասին Ա. Հովհաննիսյանն ավելացրեց. «Հազիվ էլ կարողանան դա անել և ուրախանալ»:

Իրականում ադրբեջանական լրատվամիջոցների զինվորական աղբյուրներն այնքան էլ գաղտնի չեն` պարզ տրամաբանություն և այդ աղբյուրներն էլ ու այս հրապարակումների խնդիրն էլ ակնհայտ է դառնում: Ադրբեջանում հակահայկական քարոզչության նոր ուղղություն է սկսվում, որը նաև հակառուսական է: Բայց այս հրապարակումները նախաձեռնողները մի կարևոր հանգամանք բաց են թողել` եթե Ադրբեջանը հրադադարը չի խախտում, ինչպե՞ս են ադրբեջանցի դիպուկահարները ռուս սպա վիրավորել: Ու մի հետևություն, որն ամեն անգամ հաստատվում է` Ադրբեջանում ֆանտաստիկայի ժանրը սիրում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---