Կ.Եղնուկյանը պնդում է` Հայրիկյանի մահափորձը Ս.Սարգսյանին ձեռնտու չէր, իսկ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին կասկածում է

Կ.Եղնուկյանը պնդում է` Հայրիկյանի մահափորձը Ս.Սարգսյանին ձեռնտու չէր, իսկ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին կասկածում է

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկեց հերթական քաղաքական դատավարությունը` նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է: Նման եզրակացության է եկել Պարույր Հայրիկյանը` գործի նախաքննությանը ծանոթանալուց հետո:

Երրորդ օղակը, որ շահագրգռված էր Պարույր Հայրիկյանի սպանությամբ, ըստ Կարո Եղնուկյանի, կարելի է իմանալ` հարց տալով, թե ում էր ձեռնտու նոր ընտրությունների կազմակերպումը: «ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն շահագրգռված կարող էին լինել դրանում, քանի որ կարող էին փոշմանած լինել, որ թեկնածու չեն առաջադրել: Իշխանությանը` մասնավորապես Սերժ Սարգսյանին դա ձեռնտու չէր»,- հայտարարեց նա:

Ըստ Կարող Եղնուկյանի` մտահոգիչ է, որ Վարդան Սեդրակյանն այդպես էլ մինչ այսօր ցուցմունք չի տվել, քանի որ նա կարող էր ամեն ինչ պարզաբանել, թե ինչ է իրականում կատարվել: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը կարծում է, որ Վարդան Սեդրակյանի փաստաբանը կոպիտ սխալ է թույլ տվել` երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարելով` «եթե նույնիսկ կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, և եթե կրակողը Խաչիկ Պողոսյանն է, ապա դեռևս հստակ չէ` նա է կրակել, թե ոչ»: «Նա նույնիսկ նշեց, որ Խաչիկ Պողոսյանն անմեղ է: Փաստաբանը հավաստիացնում է, որ միայն մեկ ցուցմունքից բացի այլ կասկած չկա Վարդան Սեդրակյանի նկատմամբ, բայց մյուս երկու մեղադրյալները տվել են հենց նրա անունը»,- նկատեց նա:

Կարո Եղնուկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ ծառայությունները պարտավոր են հետևել նախագահի թեկնածուներին` կարելի է ասել, որ գոնե մեկը մահափորձի պահին այնտեղ է եղել և տեսել է, թե ինչ է կատարվել: «Եթե կա այդպիսի բան, քննությունը չի խոսում այդ մասին, եթե ոչ, ապա զարմանալի է, որ հատուկ ծառայությունը չի հետևել Պարույր Հայրիկյանին»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
---