ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին: Հանդիպման նպատակն էր գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նիստի ընթացում ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:

Այցի շրջանակում փոխվարչապետը նույն օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս ՍիդեԲակայի (Luis CdeBaca) հետ: Զրուցակիցները քննարկել են թարֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող օժանդակության համար: Նա վերահաստատել է երևույթի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: Ա. Գևորգյանը նշել է, որ այս ոլորտում կարևորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի`Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ: Նա նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում պետությունը գործընկեր է համարում նաև հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են նաև իր ղեկավարած խորհրդի կազմում:

Լուիս ՍիդեԲական իր հերթին Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է համարել` դրական գնահատելով երևույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները և վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում և հատկապես բարձր է գնահատում առաջընթացի դինամիկան:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մյուս հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի (Anthony Lake) հետ է եղել: Կողմերն անդրադարձել են համագործակցության ներկա մակարդակին և քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը` փոխվարչապետը հույս է հայտնել, որ այդ միտումները կշարունակեն: Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը և աջակացել Հայաստանի կառավարությանը` ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի (Babatunde Osotimehin) հետ հանդիպմանը փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ մարդահամարի արդյունքների մշակման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Կողմերը կարևորել են ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները` արձանագրելով, որ դրանց առկայությունը նպաստում է առավել արդյունավետ և հասցեական ծրագերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նյու Յորքում ավարտելով հանդիպումները` փոխվարչապետը վերադարձել է Երևան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---