ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երևանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության պաշտոնական կայքից:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում,
Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին,
Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին,
Ավանդական և ժամանակակից գորգը,
Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին,
Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները:
Գիտաժողովին կարող են մասնակցել ոլորտի բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. հունիսի 10-ը: