Հ.Դեմոյան. Ռ.Սաֆարովի պաշտպանության մարտավարությունը կարող է հանգեցնել ադրբեջանական բանակի վարկաբեկմանը

PanARMENIAN.Net - Ռ.Սաֆարովի պաշտպանության մարտավարությունը ուղղակիորեն տանում է դեպի ադրբեջանական բանակի վարկաբեկում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությունում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նա հիշեցրել է, որ Ռ.Սաֆարովի երկրորդ դատահոգեբանական փորձաքննությունը մեղադրյալի մոտ հայտնաբերել էր հետտրավմատիկ սինդրոմ: Ավելին, երկրորդ ադրբեջանցի զինծառայող Անար Ալիեւը, որը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մեղադրյալ Ռամիլ Սաֆարովի հետ, ուղղաթիռից վայր ընկնելու արդյունքում գլխի վնասվածք ստանալով, կորցնում է հիշողությունը եւ խախտվում է նրա խոսելու ունակությունը: Այդպիսով, ստացվում է, որ ադրբեջանական բանակում հիվանդ մարդիկ են ծառայում, նշել է Հայկ Դեմոյանը:



Նա նշել է, որ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ռ.Սաֆարովի գործով հերթական դատական նիստում զգացվում էր ադրբեջանական կողմի խառնված լինելը, որն արդեն անզգույշ քայլեր է կատարում: Ըստ Հ.Դեմոյանի, ընդմիջման ժամանակ ադրբեջանցի փաստաբանը զրուցում էր երրորդ փորձագետի հետ, որը պետք է համեմատեր առաջին երկու փորձաքննությունների արդյունքները, սակայն իրականում գերազանցել է իր լիազորությունները եւ անցկացրել երրորդ փորձաքննությունը, որը հաստատում էր երկրորդի արդյունքները, սակայն հետագայում դատարանի կողմից անվավեր ճանաչվեց: Տեսնելով ԶԼՄ-ների տեսախցիկները, որոնք գրանցեցին նրա զրույցը, ադրբեջանցի փաստաբանը լրագրողների հասցեին բավականին կոպիտ հայտարարությամբ հանդես եկավ: Հայկ Դեմոյանը նշեց, որ երրորդ փորձագետը նիստի ժամանակ այնքան խճճված էր խոսում, որ դատավորը նախազգուշացրեց նրան, որ կեղծ ցուցմունքներ տալու համար կարող է քրեական գործ հարուցվել: «Մենք հուսով ենք, որ սա օրինակ կծառայի նաեւ Դեբրեցենի համալսարանի փորձագետների համար, որոնք պետք է կատարեն երկու առաջին փորձաքննությունների նոր համեմատական վերլուծություն»,-հայտարարել է Հ.Դեմոյանը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հատուկ ընդգծեց այն փաստը, որ նիստի ընթացքում բազմիցս անգամ նշվել է, որ այդ հանցագործությունը կրել էռասիստական բնույթ եւ նախապես ծրագրաված է եղել:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---