ՀՀԿ-ն դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին

ՀՀԿ-ն դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագծին

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քնվեարկության դրվեց 2008-ի մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագծի հեղինակները ՀԱԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը բազմիցս քննարկվել է, կան խնդիրներ, օրինականության խնդիր գոյություն ունի, և ՀՀԿ-ն օրինագծին դեմ է քվեարկելու:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ քաղաքական մեծամասնության ներկայացրած առաջարկները որոշման նախագծի հեղինակները քննարկել են, եղել է յոթ առաջարկ, որից վեց ու կեսն ընդունվել է: Չի ընդունվել միայն այն առաջարկությունը, որով հանձնաժողովը չէր կարողանա ԱԺ հրավիրել քննիչներին:

«Ի սկզբանե այս կետից առաջարկվում էր հանել միայն դատախազներին, որը նախագծի հեղինակներն ընդունել են, քանի որ դատախազները դատական իշխանության ներկայացուցիչներ են: Իսկ վերը նշված ծառայողներն ու պաշտոնյաները գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, օրենսդիրը իրավունք ունի նրանց հրավիրել»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր հերթին նկատեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին իրենք մեծամասնությունից հրապարակային երաշխիքներ էին ստացել, որ ընտրական ցիկլից հետո կքվեարկեն հօգուտ հանձնաժողովի ստեղծմանը. «Մենք գնահատում ենք սա ձեր իսկ երաշխիքների, խոստումների դրժում»:

Խորհրդարանում նախագիծը չընդունվեց: 48 պատգամավոր կողմ քվեարկեց, 58-ը՝ դեմ և 2-ը՝ ձեռնպահ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---