Ադրբեջանցիները ուզում են ապացուցել հունգարացիներին, որ իրենք գլխատողներ չեն

PanARMENIAN.Net - Առաջիկայում մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ների եւ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) ներկայացուցիչներ կայցելեն Հունգարիա, որտեղ «ճանաչողական» հանդիպումներ կունենան հունգար գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիրներից Գանիրա Փաշաեւան: Նրա խոսքերով, այդ այցը ճանաչողական բնույթ է կրելու: «Հունգարիա կատարելիք մեր այցի նպատակը մի շարք հանդիպումների անցկացումն է այդ երկրի ԶԼՄ-ների եւ ՈԿԿ-ի ղեկավարների հետ: Մենք ցանկանում ենք ծանոթանալ Հունգարիայի հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշել է Փաշաեւան: Նա ընդգծել է, որ դրանից հետո նրանք կփորձեն հրավիրել հունգարական կողմին Ադրբեջան: «Բոլորին է հայտնի, որ Հունգարիայի բնակչության որոշ խավերի մոտ խեղաթյուրված կարծիք է ստեղծվել ադրբեջանցիների մասին: Մենք ցանկանում ենք հակառակն ապացուցել: Թող նրանք տեսնեն, որ մենք վայրենիներ չենք»,-ընդգծել է խորհրդարանականը:



Բացի այդ, նա նշել է, որ նրանք ծրագրում են նաեւ անցկացնել Հունգարիայի ԶԼՄ-ների դիտարկում: «Անհրաժշետ է իմանալ, թե Ադրբեջանի մասին ինչ տեղեկություններ են շրջանառվում հունգարական մամուլում: Ես կարծում եմ, դա բխում է Ադրբեջանի շահերից»: Ընդ որում նա խոստովանել է, որ դեռեւս որոշված չէ, թե որ ՈԿԿ-ն են զբաղվելու դիտարկումով: «Կարող եմ միայն ասել, որ ողջ աշխատանքը համակարգված է լինելու»:



Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ադրբեջանի ազգային բանակի սպա Ռամիլ Սաֆարովի ճակատագրին` Փաշաեւան ասել է, որ առաջիկայում նրանք հերթական նամակն են հղելու Բուդապեշտի դատարանի դատավորին: «Այս նամակին միացել են ԶԼՄ-ների եւ ՈԿԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Բացի այդ, մենք Հունգարիայի շուրջ 3 հազար ՈԿԿ-ին կտրամադրենք գրքեր Ղարաբաղի պատմության մասին»,- եզրափակել է ադրբեջանցի պատգամավորը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---