Լևոն Զուրաբյան. Այժմ գողանում են, սակայն հաճույք չեն ստանում, մենք նրանց զրկել ենք այդ հնարավորությունից

Լևոն Զուրաբյան. Այժմ գողանում են, սակայն հաճույք չեն ստանում, մենք նրանց զրկել ենք այդ հնարավորությունից

PanARMENIAN.Net - ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Ազգային ժողովում լուրջ փոփոխություններ են եղել: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա նկատեց, որ խորհրդարանում ձևավորվել է համախմբված ընդդիմություն, և դրա վկայությունը այս քառօրյայում երեք քվեարկություններն են` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օրինագծի, Ընտրական օրենսգրքի փոփոխության և կառավարության ծրագրի վավերացման:

«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը« փայլուն աշխատանք իրականացրեցին` իշխանություններին դնելով նեղ դրության մեջ և ցույց տալով, որ իշխանությունները ձախողվել են: Եվ դա դրսևորվեց իշխանության կողմից ընդդիմության հասցեին վիրավորական հայտարարությունների տեղատարափով»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նկատեց, որ այժմ ընդդիմությունը համախմբված է այնպես, ինչպես երբեք:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ խորհրդարանը վերջապես դարձել է խորհրդարան. «Անգամ կեղծ մեծամասնության առկայությամբ պառլամենտում հնչում է սուր քննադատություն: Ընդդիմությունը իշխանությանը վատ վիճակում է դնում իր այս աշխատանքի շնորհիվ: Նրանք այս տարիներին սովորել էին, որ կարող էին հափշտակել, գողանալ, կեղեքել այս ժողովրդին, բայց խորհրդարանում ներկայանալ որպես սոլիդ, հարգված, պետական մտածողությամբ պաշտոնյաներ: Մենք նրանց զրկեցինք այդ վարքագծից»:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ իշխանությունները երկար ժամանակ գողանում էին և հաճույք էին ստանում, իսկ այժմ գողանում են, սակայն հաճույք չեն ստանում: «Մենք նրանց զրկել ենք այդ հնարավորությունից, դրա համար էլ նրանք ԱԺ-ում գնում են կոպիտ խախտումների: Դա նշանակում է, որ նրանք մեզ հետ փաստարկներով չեն կարող խոսել»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Ավելացնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս այսօր գոհունակությամբ արձանագրեց, որ ընդդիմությունը համախմբված է աշխատել այս քառօրյայում: Նա նկատեց, որ կարևոր է, որպեսզի իրենք կարողանան գտնել քաղաքական շեշտադրումներ, որոնց շուրջ կհամախմբվեն և կգործեն միասին:

 Ուշագրավ
---