Բացվեց Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

Բացվեց Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստան» հիմնադրամի շուրջ քառասուն հոգուց բաղկացած պատվիրակությունը` կազմված տեղական մարմինների ատենապետերից, ներկայացուցիչներից և բարերարներից, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում»,-իր շնորհավորական խոսքում ասաց Պարգև սրբազանը:

Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել և կահավորվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ (բարերար Պերճ Լիւլէճեան): Կենտրոնում (283քմ մակերեսով) կգործեն բուժկետը, ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը, համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:

Համայնքային կենտրոնը Հիմնադրամի կողմից կյանքի կոչված չորրորդ ենթակառուցվածքային ծրագիրն է ավելի քան 430 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքում:

Վաղը, մայիսի 25-ին, Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների և ՀՕՄ-ի համատեղ ջանքերով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---