Նախարար. Ավանդների փոխհատուցման ծրագիր իրականացնելու մտադրություն կառավարությունը չունի![]() 4 հունիսի 2013 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին սոցիալապես անապահով շուրջ 62 հազար ընտանիքներ, ովքեր մինչև 1993 թվականը ներդրված ավանդներ են ունեցել, կստանան իրենց ավանդների դիմաց փոխհատուցումներ: Այս մասին այսօր 2012թ.-ի պետբյուջեի կատարողականի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նկատեց, որ հարցը օրենքով կարգավորվելու կարիք ունի և կներկայացվի Ազգային ժողովին օրենքի նախագծի տեսքով: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ1993 թվականին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները վարչապետի որոշմամբ պետական պարտք են համարվել և խոստացվել է, որ շուտով կտան պարտատոմսեր: 2000թ.-ին որոշակի փոխհատուցում եղավ՝ մեկը հիսունի չափով: «Այնուամենայնիվ, դա արդար չէ, երբեմն ինձ թվում է, որ ավելի լավ էր այդպիսի լուծումներ չանել, քան այդ ձևով անել: Մտադի՞ր եք պարտատոմսեր, արժեթղթեր տալ և ընդունել այդ պարտքը»,- հարցրեց պատգամավորը: Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ ավանդների վերադարձման ծրագիր, որպես այդպիսին, երբեք չի եղել: Դրա հետ կապված քաղաքական որոշումը եղել է որպես մինչև 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր՝ սոցիալապես անապահով ընտանիքներին: «Այն հաշվարկները, որ ժամանակին կատարվել են, եթե չեմ սխալվում, շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը գնում: Կառավարության ծրագրում էլ գրված է, որ շարունակաբար կիրականացվի ծրագիր և որոշակի մեթոդաբանությամբ իրականացվող այդ ծրագիրը սոցիալական աջակցության ծրագիր է, ոչ թե ավանդների վերադարձի ծրագիր»,- ասաց նախարարը: Արտեմ Ասատրյանը նշեց, որ փոխհատուցման ծրագիր իրականացնելու մտադրություն կառավարությունը չունի: Ավելացնենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ որոշմամբ հաստատված կարգով: Ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |