Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում է նոր ծրագիր սկսել

Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում է նոր ծրագիր սկսել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՏԿՆ մամուլի ծառայությունը:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են, որ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որն ուղղված է լինելու տարածքների զարգացմանը: Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում և համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքները գրավիչ դարձնել մասնավոր ներդրումների ներգրավման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար:

Առաջիկայում հայկական կողմի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել մարզերի տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, որից հետո կներկայացվի գործողությունների պլան: Զուգահեռ կուսումնասիրվեն նաև մարզերում զբոսաշրջային զարգացման հնարավորությունները:

Գևորգյանը նշել է, որ նախաձեռնությունը միանգամայն համահունչ է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը և առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում է: Նա տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել նախապատրաստական աշխատանքներին և կարևորեց դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու հանգամանքը: Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրագործման ժամկետների, առաջընթացն ապահովող հնարավոր տարածքների և բնակավայրերի ընտրության, ինչպես նաև իրականացման մեխանիզմների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---