Հայաստան- Մալթա. Կրկին կգրանցվի 1:0, թե՞ կտեսնենք նոր հաշիվ

Հայաստան- Մալթա. Կրկին կգրանցվի 1:0, թե՞ կտեսնենք նոր հաշիվ

PanARMENIAN.Net - Գրեթե երեք ամիս է անցել Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղից, այդ ժամանակ մեր թիմը 0:3 հաշվով զիջել է Չեխիային: Հավաքականն այս անգամ հավաքվել ու պատրաստվում է Մալթայի և Դանիայի հետ հանդիպումներին, որոնցից հետո ավելի պարզ կերևա` կկարողանան հայ ֆուտբոլիստները պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, թե ոչ:

Իսկ այսօր ժամը Երևանի ժամանակով 20:00-ից Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնն ականատես կլինի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի նախավերջին և վերջին տեղերում ընթացող թիմերի պայքարին: Ի տարբերություն Մալթայի, որը չի վաստակել և ոչ մի միավոր, Հայաստանն ունի երեք միավոր և այն ձեռք է բերել հենց այսօրվա իր մրցակցից:

2012 թվականի սեպտեմբերի 7-ին հայերը մեկնարկեցին ընտրական մրցաշարում և մրցակցի հարկի տակ նվազագույն` 1:0, հաշվով հաղթեցին Մալթային:

Իսկ ընդհանրապես, Հայաստանն ու Մալթան հանդիպել են ևս երեք անգամ: Հետաքրքիրն այն է, որ բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են միևնույն հաշվով. հայերը միշտ հաղթել են 1:0 հաշվով:

Հիշարժան մի փաստ ևս. անկախությունից հետո Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը, որը եղել է 1994 թվականի հուլիսի 16-ին Երևանում, ևս եղել է Մալթայի նկատմամբ: Մյուս երկու հանդիպումները կայացել են 2007 և 2008 թվականներին: Կկրկնվի՞ նույն հաշվով «պատմությունը», թե՞ խաղատախտակի վրա կգրեն այլ թվեր, կիմանանք երեկոյան, երբ կավարտվի ընտրական փուլի ևս մեկ հանդիպում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---