ԱԺ-ն արտոնություններ տվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին. Օրինագծին կողմ էր 85 պատգամավոր

ԱԺ-ն արտոնություններ տվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին. Օրինագծին կողմ էր 85 պատգամավոր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ասյօր ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրաջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծը: Կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 20: Օրենքի նախագծով առաջարկվում է արտոնություններ տրամադրել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կառավարության կողմից կճանաչվեն ծրագրի իրականացնողներ, և դրանց ներմուծման, աշխատանքի իրականացման ժամանակ մի շարք արտոնություններ կտրամադրվեն: Այս կազմակերպությունները ոչ ռեզիդենտ ընկերություններից ծառայություններ գնելիս կազատվեն առաջացած եկամուտների շահութահարկից: Իսկ դա տեղի կունենա այն դեպքերում, երբ նրանք դա կներդնեն ծրագրի իրակացման մեջ:

Նշենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունները բողոքում էին, որ ԱԺ-ն պատրաստվում է ընդունել մի օրինագիծ, որի մասին ըստ էության տեղեկացված չէ: Կառավարությունը չի ներկայացրել ծրագիր ու ժամանակացույց, և ընդհանրական ձևակերպումներով պատրաստվում են ծրագրին արտոնություններ տալ:

Օրինագծին կողմ պատգամավորներն էլ հակադարձում էին, որ երկրում ներդրումներ կատարողների հերթ չկա, և իրենք ընտրության հնարավորություն չունեն, անհրաժեշտ է խրախուսել և գրավել ցանկացած ներդրողի:

«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկեց երկրորդ ընթերցման դնել օրինագիծը: ՀՅԴ-ն ևս առաջարկեց հետաձգել այս օրենքը՝ մանրամասն, հանգամանորեն քննարկել բոլոր սցենարները, ռիսկերը, ինչից հետո կայացնել որոշում: ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, քանի որ ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս:

 Ուշագրավ
---