Ս.Մարկեդոնով. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է»

PanARMENIAN.Net - Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը չի տեսնում որոշակի նախադրյալներ «այս տարի ղարաբաղյան հարցում ինչ-որ առաջխաղացման համար»: Նա չի կիսել ԵԱՀԿ նոր նախագահ Կարել դե Գուխտի լավատեսությունն այն առումով, թե 2006թ-ը շրջադարձային կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Հիշեցնենք, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Կարել դե Գուխտը կապել էր իր լավատեսական հույսերը Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունների հետ : Ս. Մարկեդոնովը ամենեւին չի կիսում ԵԱՀԿ նախագահի լավատեսությունը, քանի որ , ըստ նրա «ժողովրդավարությունն ու խաղաղարար գործընթացը զուգահեռ մակերեսներում են ընթանում եւ այնքան ել չեն խաչաձեւվում»: «Մի խոսքով ժողովրդավարությունը ոչ մի կապ չունի այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության հարցի հետ»,- ավելացրեց նա: Ըստ նրա այժմ Կարել դե Գուխտի հետ մեկ տեղ նաեւ ռուս քաղաքագական գործիչներն էլ են սկսել հայտարարություններ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման մասին հենց այս տարի: Ռուս քաղաքական գործիչների փաստարկները, գտնում է քաղաքագետը, հիմնականում հանգեցնում են նրան, որ մոտ օրերս տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունների հերթական փուլը: «Սակայն նման հանդիպումներ, եթե դուք հիշում եք, քիչ չեն եղել: Սակայն ոչ մի լուրջ առաջխաղացում այդ հարցում մենք չենք տեսել: Ցավոք, մինչ այժմ հայկական եւ ադրբեջանական կողմերը դեռեւս չեն հասել փոխզիջման»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը: Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ Կարել դե Գուխտի խոսքերը մեկ նպատակ են հետապնդում: «Այդ պետական այրը պարզապես ուզում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար: Սակայն հավատացեք, ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է» -եզրափակել է Ս.Մարկեդոնովը, հաղորդում է «Զեռկալո» թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---