Գալուստ Սահակյանն օֆշորային սկանդալը շոու է համարում և չի հավատում դրան

Գալուստ Սահակյանն օֆշորային սկանդալը շոու է համարում և չի հավատում դրան

PanARMENIAN.Net - Օֆշորային սկանդալի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որևէ տեղեկության չի տիրապետում: Նա այդ պատմությունը համարում է շոու և չի հավատում դրան:

Գալուստ Սահակյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարծում, թե վարչապետը խնդիր պիտի ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու հետ կապված. «Ընդդիմությունը թիրախային է դարձնում, իսկ մեր ժամանակներում ամեն ինչն էլ կարելի է շրջանառության մեջ դնել և որոշակի խնդիրներ լուծել: Նույնիսկ հետամուտ չեմ, թե ինչ խնդիր են ցանկանում դրանով լուծել»:

Ինչ վերաբերում է գործարար Աշոտ Սուքիասյանի՝ դատախազություն ուղարկած նամակին, որով նա տեղեկացնում է, որ ինքն է Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից օֆշորային գոտում ընկերություններ գրանցել` չգիտակցելով, որ նման հետևանքներ կարող են ունենալ, ապա, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, դա բանկային համակարգի խնդիր է ու ինքը բանկերի հետ որևէ առնչություն չի ունեցել, որ իմանա`դա ևս շոո՞ւ է, թե՝ ոչ:

«Նայած`ում ոնց է ձեռք տալիս: Ես ասում եմ, որ շոու չէ: Նրանց, ում ձեռք է տալիս, որ միամիտ լինի`կասեն, որ միամիտ է: Իմ կարծիքով` դրանք հերյուրանքներ են`կապված վարչապետի հետ և հասարակության մեջ շրջանառվում են`մեկը կհավատա, մյուսը`չի հավատա»:

Դիտարկմանը, թե, ըստ շրջանառվող լուրերի, օֆշորային սկանդալի բացահայտումը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի վատ հարաբերությունների արդյունք են, Գալուստ Սահակյանը պատասխանեց․«Ես այն գործիչը չեմ, որ այստեղ կանգնեմ իրար հետ համատեղ բամբասենք:

Ռեալ հարցեր տվեք: Դրանք պարզապես ուղղվածություն ունեցող, շոու սարքելու կամ քաղաքական շրջանառության մեջ ինչ-որ որոնումների համար է: Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 Ուշագրավ
---