Բեռլինում կանցկացվի «Թալեաթ փաշա գործողություն», նպատակը` Գերմանիայի խորհրդարանը ետ կանչի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը

PanARMENIAN.Net - Թուրք մի շարք գործիչների, այդ թվում` Դողու Փերինչեքի, Վուրալ Սավաշի եւ Կիպրոսի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի նախաձեռնած «Մեծ ծրագիր-2006» կոչվող շարժման շրջանակում մարտի 18-ին Բեռլինում անցկացվելիք «Թալեաթ փաշա գործողություն» արշավի առնչությամբ ինտերնետով հրապարակված գրություններն ու լոզունգները հարուցել են գերմանացիների վրդովմունքը, որոնք իրենց անհանգստությունն են փոխանցել Թուրքիայում իրենց դեսպանի միջոցով: Այս մասին հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը` վկայակոչելով թուրքական «Վաթան» թերթի տեղեկատվությունը:Ըստ «Վաթան»-ի, գերմանացիներին առավել վրդովեցրել է հրավիրագրերում տեղ գտած մի նախադասություն. «Եթե չեն ուզում, որ արեւմտյան մայրաքաղաքները Փարիզի պես հրդեհների մեջ հայտնվեն, ապա պետք է վերջ տան Թուրքիայի դեմ ցուցաբերվող անհիմն ու անխիղճ վերաբերմունքին»: Անկարայում Գերմանիայի դեսպան Վոլֆ Ռութարթ Բորը, դիմելով Թուրքիայի արտգործնախարարությանը, ափսոսանք է հայտնել այդ նախադասության կապակցությամբ:Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ այդ հայտարարությունների սպառնալից ոճն անընդունելի է գերմանական իշխանությունների համար: «Այսպիսի մոտեցումը չի նպաստում Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին»,- նշել է նա: Թուրքերի նախատեսած ձեռնարկի նպատակն է հասնել նրան, որ Գերմանիայի խորհրդարանը ետ կանչի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը: Ակցիան պետք է սկսվի մարտի 18-ին Բեռլինում մեծ հանրահավաքով: Ձեռնարկի խորհրդակցական խորհրդի նախագահ Ռաուֆ Դենքթաշը մարտի 15-ին ծաղկեպսակ է դնելու այն վայրում, ուր Թալեաթն սպանվել է Սողոմոն Թեհլերյանի կողմից: Մարտի 19-ին Բեռլինում կկայանա «Թալեաթ փաշա համաժողովը»: Կազմակերպիչները հայտարարում են, թե այս ձեռնարկի միջոցով Արեւմուտքին ցույց են տալու Թուրքիայի ուժը, եւ Եվրոպան պետք է վերջ տա Թուրքիայի դեմ ցուցաբերված «անիրավ ու անխիղճ» վերաբերմունքին: Թերթը գրում է նաեւ, որ մոտ հազար մարդ է ընտրվել ցույցին մասնակցելու նպատակով Թուրքիայից Բեռլին մեկնելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---