ՎՊ. 2012թ.-ի հաշվետվության մեջ «մսխվում, թալանվում, լափվում է» արտահայտություններ չկան

ՎՊ. 2012թ.-ի հաշվետվության մեջ «մսխվում, թալանվում, լափվում է» արտահայտություններ չկան

PanARMENIAN.Net - Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցների ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ: Այս կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել:

«2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, (բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի), բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց:

Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ոչ արձանագրություններում, ոչ ընթացիկ հաշվետվություններում, և ոչ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում»,- ասվում է ՎՊ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2012 թվականի իր տարեկան հաշվետվությունը, որով բազմաթիվ խախտումներ և բացթղումներ է արձանագրվել: Ավելացնենք, որ արդեն մի քանի օր է գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիսներ են հրավիրում և ներկայացնում են ՎՊ հաշվետվության հետ կապված իրենց առարկությունները:

Հավելենք նաև, որ ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի է ունեցած բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև Վերահսկիչ պալատի գործունեությանը: Նա նշել էր. «Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---