Կոնգրեսականները պահանջում են Ք.Ռայսից բացատրել Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտումը

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի մասնակցությամբ ունկնդրումների ընթացքում վերջինիս խնդրել է բացատրել, թե ինչու Բուշի վարչակազմը 2007 թ. բյուջեի նախագծում առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրելու ոչ պաշտոնական համաձայնությունը, որ կնքվել է 2001 թ. Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ: Բրեդ Շերմանն ընդգծել է, որ վարչակազմը Հայաստանից գրեթե 40 տոկոսով ավելի ռազմական օգնություն է առաջարկել Ադրբեջանի համար, եւ հիշեցրել, որ երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրելու համաձայնությունը կայացվել է, երբ Կոնգրեսը թույլ է տվել ԱՄՆ նախագահին վերացնել Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղումը, որով առհասարակ արգելվում էր որեւէ ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին: «Պատերազմը վերսկսելու` Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալիքների եւ Կոնգրեսի հետ ոչ պաշտոնական այդ համաձայնության լույսի ներքո, հուսով եմ, դուք կապահովեք այդ երկու երկրների միջեւ ռազմական հավասարակշռության պահպանումը»,- հայտարարել է Շերմանը: Կոնգրեսականը նշել է նաեւ, որ վարչակազմի առաջարկած նախագծով Հայաստանի համար 2007 թ. նախատեսվում է մեկ երրորդով պակաս տնտեսական օգնություն, քան 2006 թ.: Նա վստահություն է հայտնել, որ Կոնգրեսը հաջորդ տարվա համար եւս կապահովի նույնքան տնտեսական օգնություն, որքան այս տարի: Ռայսը համաձայնել է կոնգրեսականի հարցերին պատասխանել գրավոր:



Ունկնդրումների ընթացքում ամերիկահայությանը հուզող խնդիրների առնչությամբ գրավոր հարցումներ են ուղղել նաեւ հանրապետական սենատոր Ջորջ Ալենը, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներ Ադամ Շիֆը, Գրեյս Նապոլիտանոն եւ Դայան Ուոթսընը: Ադամ Շիֆը հարցադրում է կատարել, թե ինչ դեր է խաղացել պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին կառուցողական այլակարծության համար Ամերիկայի Օտարերկրյա ծառայության ընկերակցության շնորհած «Քրիստիան Ա.Հերթեր» մրցանակի հետկանչի գործում` Թուրքիայի վարչապետ Էրդողանի Վաշինգտոն այցի նախօրեին: Նա նաեւ պետքարտուղարին կոչ է արել վստահեցնել հանձնաժողովին, որ պետքարտուղարությունը որեւէ պատժիչ գործողություն չի ձեռնարկել եւ չի ձեռնարկելու դեսպան Էվանսի նկատմամբ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակավ արտահայտվելու համար: Շիֆը գրավոր հարցում է ուղղել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտման առաջարկի կապակցությամբ: Գրեյս Նապոլիտանոն հարց է ուղղել Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատանը ադրբեջանցիների բարբարոսություններին պետքարտուղարության արձագանքի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---