ՀՀԿ-ում թևեր չկան, կուսակցության ներսում պայքար չի գնում, իսկ ԱԺ նախագահը ՀՀ նախագահ դառնալ չի ցանկանում

ՀՀԿ-ում թևեր չկան, կուսակցության ներսում պայքար չի գնում, իսկ ԱԺ նախագահը ՀՀ նախագահ դառնալ չի ցանկանում

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է փոփոխություններ մտցնել Վերահսկիչ պալատի մասին օրենքում, հստակեցնել կառույցի գործառույթները, լիազորությունները: Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ հանձնարարություն է տրվել ստեղծել աշխատանքյաին խումբ, որը կզբաղվի այդ հարցով։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Վերահսկիչ պալատը գնահատականներ տվեց, մեղադրանքներ ներկայացրեց, մինչդեռ դա պետք է անի դատախազությունը: Այժմ նյութերն ուղարկել են դատախազություն, տեսնենք քանի քրեական գործ կհարուցվի, քանի մեղավորներ կպատժվեն»,- ասաց նա և հավելեց, որ եթե կան մարդիկ, որոնք պետք է պատժվեն, ապա կպատժվեն. ամեն ինչ հնարավոր է, սակայն այդ հարցը նիստին չեն քննարկել։ ԱԺ նախագահը չի կարծում, թե նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը կոշտ քննադատություն էին։ Նա վստահեցրեց, որ նիստի ժամանակ իր դեմ ոչ մի քննադատության սլաք չի ուղղվել։ «Եղել է հաշվետվություն, ներկայացրել է ՎՊ նախագահը, ես հայտնել եմ տպավորություններս, դրանից հետո եղել է քննարկում: Հստակ ասել եմ, որ այն, ինչ հայտարարվել է ՎՊ-ի կողմից, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, առաջարկել եմ, որ մինչև ՎՊ զեկույցը ԱԺ բերել, ներկայացնելը, քննարկեն այն նախարարություններում, տան բացատրություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանը նաև հերքեց լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները, թե 2018թ. նախագահական ընտրություններին իշխանությունը փոխանցելու խնդրի հետ կապված ՀՀԿ-ում հակասություններ կան։ Նա ընգծեց, որ ինքն անձամբ 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագիր չունի։

«Իշխանության ներսում բուրգեր, թևեր չկան, հանրապետության նախագահը ևս թույլ չի տա, որ նման թևեր ձևավորվեն: Ես կոնկրետ ցանկություն չունեմ նման թևեր ձևավորելու»,-եզրափակեց նա:

 Ուշագրավ
---