Արտավազդ Փելեշյանը կստանա «Ոսկե ծիրան»-ի «Եղիցի լույս» մրցանակը

Արտավազդ Փելեշյանը կստանա «Ոսկե ծիրան»-ի «Եղիցի լույս» մրցանակը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի կտրվի Արտավազդ Փելեշյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, նշելով, որ Փելեշյանին մրցանակը շնորհելու որոշումը կայացվել է Վեհափառի հետ համատեղ:

«Անցած տարի սահմանվեց նոր`«Եղիցի լույս» մրցանակը, որը տրվեց Սակուրովին: Չուզեցինք, որ առաջին մրցանակը հայ ռեժիսոր ստանա. հայ կինոմատոգրաֆիայի մեջ առաջինն այդ մրցանակին Փելեշյանն է արժանի, կարծում եմ, իսկ ինքն անցած տարի չէր մասնակցելու փառատոնին»,- ասաց Խաչատրյանը` կարևորելով հայ եկեղեցու մասնակցությունը փառատոնին:

Իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, «Ոսկե ծիրանի» Էկումենիկ ժյուրիի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հիշեցրեց, որ եկեղեցու ու փառատոնի գործակցությունն արդեն վեց տարվա պատմություն ունի: Ինչ վերաբերում է «Եղիցի լույս» մրցանակի հանձնմանը, ապա սրբազանը նշեց, որ այն կկայանա հուլիսի 12-ին` Գևորգյան հոգևոր ճեմարանում:

«Եղիցի լույս» մրցանակն առաջին անգամ 2012-ին ստացել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը, ով 9-րդ«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն էր: Այդ մրցանակը շնորհելու մտահղացումը Հարություն Խաչատրյանինն էր: Ինչպես պատմեց Գևորգ սրբազանը, Խաչատրանն առաջարկել էր եկեղեցու դերը բարձրացնելու համար հատուկ մրցանակ սահմանել: Ստեղծվել էր հանձնաժողով, հարցը քննարկվել էր Վեհափառի մոտ ու սահմանվել «Եղիցի լույս» մրցանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---