Նախարարություն. Միջմարզային երթուղիներում կլինեն տեղեր, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի

Նախարարություն. Միջմարզային  երթուղիներում  կլինեն տեղեր, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։

«Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։

Նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։

Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտնել է, որ Երևանում երթուղային տաքսիների փոխադրավարձը հուլիսի 20-ից կբարձրանա, և նախկին 100 դրամի փոխարեն քաղաքացիները պետք է վճարեն 150 դրամ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---