Ս. Սարգսյան. Որոշ ժամանակ անց շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք

Ս. Սարգսյան. Որոշ ժամանակ անց շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

« Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, և իրավունք է, և հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը: Մենք հավատում ենք ձեզ:Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ:

Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում:

Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում»,-«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---