Վերացրեք երթուղիների սեփականատերերի ավելորդ ինստիտուտը. Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

Վերացրեք երթուղիների սեփականատերերի ավելորդ ինստիտուտը. Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

PanARMENIAN.Net - «Հայազն» կուսակցությունը վաղը՝ ժամը 16.00, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի, որից հետո ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի կառավարություն: Ակցիան ընդդեմ ուղեվարձի թանկացման է, կուսակցությունը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի որոշումը` ուղևորափոխադրումը թանկացնելու մասին, բացարձակ անհիմն է: Կուսակցությունը նաև պահանջագիր է հանձնելու քաղաքապետարան, որտեղ, մասնավորապես ասված է.

«Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:

Պահանջում ենք.

1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը: 2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:

3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը: 4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:

5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:

6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:

7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:

8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---