Բերման ենթարկված 6 ակտիվիստ ազատ է արձակվել

Բերման ենթարկված 6 ակտիվիստ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասնակիցներ`Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Արեգ և Սարգիս Գևորգյաններն ու Վիլեն Գաբրիելյանն ազատ են արձակվել Կենտրոնի ոստիկանության բաժնից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը:Մաքսիմ Սարգսյանը և Սամվել Խաչատրյանը բերման էին ենթարկվել տնից` երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասով, իսկ Վահե Մելքոնյանին բերման էին ենթարկել այսօր քաղաքապետարանի առջևից՝ նույն միջադեպից հետո հարուցված քրգործի շրջանակներում։ Արեգ և Սարգիս Գևորգյաններն ու Վիլեն Գաբրիելյանը, Վալերի Օսիպյանի խոսքով, բերման էին ենթարկվել արդեն այսօրվա ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու և մյուսներին հրահրող կոչեր անելու պատճառով:

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում երեկ երեկոյան մի խումբ անձինք խախտել են ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ակտիվիստների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ երեկ դիտավորությամբ հասցվել է նաև գույքային վնաս, որի չափը և այլ մանրամասներ ճշտելու համար փորձաքննություն է իրականացվում: Իսկ այսօր հավաքի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ մի քանի ոստիկան մարմնական վնասվածք է ստացել: Սրան ակտիվիստները պատասխանեցին. «Գլխներին սարքելը սկսվեց»: Փոխոստիկանապետը նշեց, որ պետք չէ նման հայտարարություններ հնչեցնել ու բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն օրենքով սահմանված կարգով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---