Համալսարանականները կայցելեն Արցախի զորամասեր

Համալսարանականները կայցելեն Արցախի զորամասեր

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակում հունիսի 28-ից հուլիսի 4-ը իրականացվել է 5-րդ ամառային դպրոցի 1-ին փուլը:

Կրթամշակութային ծրագրի շրջանակում, Մայր բուհում ունկնդրած դասախոսություններից զատ, ամառային դպրոցի մասնակիցներն օգոստոսի 1-ից 6-ը ԵՊՀ ռեկտորատի և ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ ուխտագնացություն կկատարեն դեպի Արցախ, որտեղ տեղի կունենա ամառային դպրոցի 2-րդ փուլը:

Դպրոցի մասնակիցները՝ մոտ 60 համալսարանականներ, կշրջեն Արցախում, կծանոթանան պատմամշակութային կոթողներին, կայցելեն զորամասեր:

Արցախում կկայանա նաև «Կրթությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով: Ուսանողները կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ամառային դպրոցում դասախոսությամբ հանդես եկած, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ-ում առանձնահատուկ կարևորվում է ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերը: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ լայնամասշտաբ ուսանողական ծրագիրն է, որը ԵՊՀ ռեկտորատի աջակցությամբ իրականացվում է Արցախում:

Ամառային դպրոցի ավարտին՝ օգոստոսի 6-ին, Գանձասարում 5-րդ ամառային դպրոցի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---