ՀՀ-ում ՌԴ դեսպան. Մեծ ոգևորությամբ եմ հետևել ՌԴ ներկրված ծիրանի աննախադեպ ցուցանիշներին

ՀՀ-ում ՌԴ դեսպան. Մեծ ոգևորությամբ եմ հետևել ՌԴ ներկրված ծիրանի աննախադեպ ցուցանիշներին

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ վերջինիս խնդրանքով: Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, շեշտել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև գոյություն ունեցող ավանդական կապերը՝ ընդգծելով բուսաբուծության, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման, ինչպես նաև պտուղբանջարեղենի արտահանման ոլորտներում արձանագրված հաջողությունները:

Նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ մեծ ոգևորությամբ է հետևել Ռուսաստան ներկրված ծիրանի աննախադեպ ցուցանիշներին և կարծում է, որ հայկական քարքարոտ հողերի վրա է աճում աշխարհի ամենահամեղ ծիրանը: Իվան Վոլինկինը վստահեցրել է, որ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական երկուստեք շահավետ համագործակցությանը: Նա մասնավորապես հետաքրքրվել է պարենային ինքնաբավության ցուցանիշներով և ռուսական կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրերին:

Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ մեծ են սպասելիքները Դոնի-Ռոստովի «Ռոստելմաշ» գործարանի հետ համագործակցությունից՝ գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման առումով: Անդրադառնալով երկու երկրների գործակցությանը՝ նախարարը հույս է հայտնել, որ կհաղթահարվեն նաև կենդանական ծագման սննդամթերքի և ձկնամթերքի արտահանման խոչընդոտները: Վերջում դեսպան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ասել. «Ես խոնարհվում եմ այս քարքարոտ հողից բերք արարող մարդկանց առջև, և նրանց գործը համարում եմ հերոսություն, իսկ իրենց՝ հերոսներ»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---