Լոռիում բռնկված հրդեհները կազմում են հանրապետությունում բռնկված հրդեհների շուրջ 80 տոկոսը

Լոռիում բռնկված հրդեհները կազմում են հանրապետությունում բռնկված հրդեհների շուրջ 80 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Լոռու մարզում անցկացվել է ուսումնավարժանք «Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով: Հավաքին մասնակցել են գյուղատնտեսության նախարարության, Հայանտառ ՊՈԱԿ-ի, ոստիկանության, դատախազության ներկայացուցիչներ, մարզային անտառտնտեսությունների աշխատակիցներ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ հրդեհների թիվն ավելացել է ինչպես չոր ու շոգ կլիմայի, այնպես էլ անտառի նկատմամբ դրսևորված մարդկային անփութության հետևանքով: Քանի որ Լոռու մարզում բռնկված հրդեհները կազմում են հանրապետությունում բռնկված հրդեհների շուրջ 82 տոկոսը, քննարկվել են դրանց հիմնական պատճառները: Պատճառների թվում են՝ համայնքային չոր բուսածածկի մնացորդների հրկիզումը՝ խոզանի և խոտածածկի հրկիզումը, անտառում խնջույքներ կազմակերպելուց հետո կրակը մինչև վերջ չմարելը, անտառային հարստության նկատմամբ մարդկային անփութությունը:

Հաշվի առնելով, որ անտառային հրդեհները զգալի վնաս են հասցնում տնտեսությանը, իսկ անտառների վերականգնումը տևական և ծախսատար գործ է, ուստի, առաջնահերթություն է համարվել կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը: Ուսումնավարժանքի ընթացքում առաջարկվել է յուրաքանչյուր հրդեհից հետո կազմակերպել քննարկում և պատասխանատվության կանչել մեղավորներին, ինչպես նաև իրականացնել հանքայնացված շերտերի, հակահրդեհային ճանապարհների և դիտակետերի նորոգում:

Ուսումնավարժանքի ընթացքում շեշտվել է նաև նպատակաուղղված քարոզչության դերը՝ առաջարկելով սկսել այն դպրոցական տարիքից, իսկ հանգստյան գոտիներում ավելացնել համապատասխան քարոզչական ցուցանակների թիվը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---