ՀԽ Երիտասարդության ենթահանձնաժողով. Սպասվելիք 20-100 հազարի փոխարեն ուսվարձերը բարձրացել են 100 – 200 հազար դրամով![]() 8 օգոստոսի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը նամակով դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: «Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը, մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով, մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել և ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին: 2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետևյալ բուհերում`Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա և անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով: Նախևառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա: Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար և արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը: Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը և ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման և բարգավաճման գործընթացում «մարդկային կապիտալի» կարևորության մասին: Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը: Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- նշված է նամակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |