Հայ ռազմագերու հարցում Երևանը չի հավատում Բաքվին ու սպասում է հետագա քայլերին![]() 19 սեպտեմբերի 2013 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերեվարված ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցն այսօր եղել է ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպման օրակարգում: Կողմերն անդրադարձել են երեկ ադրբեջանական լրատվականներում տարածված Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, թե Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել». «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- Trend գործակալությանն ասել էր Սաիլովը: Ըստ Տոնոյանի, եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: ՊՆ փոխնախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր: Տոնոյանը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները՝ նշելով, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվել է, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն: Իր հերթին Քրիստոֆ Բիրվիրթը խոստացել է ՊՆ առաջին տեղակալի դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա ընդգծել է նաև փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը: Հանդիպմանը նաև նշվել է, որ հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը: Հիշեցնենք, որ դեռ երեկ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրել էր, որ այս փուլում Կարմիր Խաչը որևէ նոր տեղեկություն դեռևս չունի: Այսօր Panorama-ին Աստաբացյանը ասել էր հետևյալը. «Ցավոք սրտի, մեր խոսակցությունների պարունակությունը ռազմագերիներին այցելելուց հետո մնում է գաղտնի, դրանք հրապարակման ենթակա չեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի նախագահին, ապա ես իրավասու չեմ մեկնաբանել դրանք»: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |