Ալեքսանդր Կռիլով. Ֆրանսիան, ինչպես և Ռուսաստանը, սեփական շահերն ունի Կովկասում

Ալեքսանդր Կռիլով. Ֆրանսիան, ինչպես և Ռուսաստանը, սեփական շահերն ունի Կովկասում

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Ռուսաստանը նոր խնդիրների բախվեց Հարավային Կովկասում, որոնք պայմանավորված են այն փոփոխություններով, որոնք վերջերս են տեղի ունեցել (նոր իշխանությունները Վրաստանում, նոր միտումներն Ադրբեջանի, Հայաստանի քաղաքականությունների մեջ և այլն): Արդյունքում Մոսկվայի համար անհնար է դառնում նույն քաղաքականության շարունակությունը և այն հարաբերությունների համակարգի պահպանումը, որը ձևավորվեց 2008 թ.՝ դաշնային հարաբերություններ Հայաստանի հետ, գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ, սակայն ոչ ի վնաս Հայաստանի, և Վրաստանի անտեսում: Ռուսաստանից պահանջվում է արագ և գործուն արձագանքել նոր գործընթացներին, որոնց բնույթն ու հնարավոր արդյունքը շատ բարդ է կանխատեսել: Նման բարդությունների հետ կբախվեն նաև մյուս պետությունները, որոնք շահեր ունեն այդ տարածաշրջանում: Այդ մասին «Աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով Փարիզում կայացած գիտաժողովում հայտարարել է Ռուսաստանի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Նա նշել է, որ 2008 թ. իրադարձություններից հետո Ռուսաստանի համար բացասական զարգացումների կանխատեսումները Հարավային Կովկասում և նրա շուրջ չիրականացան: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, նույնիսկ ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության պաշտոնական ճանաչումից հետո, գերադասեցին ձեռնպահ մնալ սուր առճակատումից Մոսկվայի հետ: Կրեմլին այդքան մտահոգող ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ու Վրաստանի անդամակցությունն այդ դաշինքին (ընդ որում տարբեր հայտարարություններում կոնկրետ ժամկետներ էին նշվում՝ 2006, հետո 2007 թվական), կարծես, կորցրել են սրությունը:

«Մոսկվայի համար իրավիճակի նման բարենպաստ զարգացման պատճառ հանդիսացան մի շարք գործոններ: Եվ 2008 թ. Վրաստանի համար տխուր վախճանով իրադարձությունները, և իշխանափոխությունն ԱՄՆ-ում, և համաշխարհային ճգնաժամը, որը ցավոտ ազդեցություն ունեցավ ԵՄ և ԱՄՆ վրա: Արդյունքում իրավիճակը Հարավային Կովկասում Մոսկվայի համար բավականին բարենպաստ եղավ ու Մոսկվան ամրապնդեց իր դիրքերն այդ տարածաշրջանում: Այդ խնդրի կատարման գլխավոր միջոց հանդիսացավ ֆինանսական աջակցության համադրումը ռուսական ռազմական ներկայության ամրապնդման հետ:

Առավել բարդ են ՌԴ քաղաքականության համար Հարավային Կովկասում արտաքին գործոններն ու գործընթացները, որոնք կարող են ունենալ ամենատարբեր զարգացումները, և որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ հետխորհրդային տարածքի իրավիճակի վրա: Անորոշ են ԵՄ հետագա զարգացման և ճգնաժամից դուրս գալու հեռանկարները և այն, թե ինչպես այս կամ այն սցենարը կարող է ազդել ԱՄՆ ու ԵՄ հարաբերությունների վրա Ռուսաստանի ու Հարավային Կովկասի հետ: Թե որքան հաջող կլինեն Մաքսային միության ու Եվրասիական միության նախագծերը, որոնք հիմնականում կկանխորոշեն ռուսական քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, ցույց կտա ապագան: Նման իրավիճակում հավանական է թվում այն տարբերակը, երբ ռուսական դիվանագիտությունը Հարավային Կովկասում հիմնականում կլուծի «ընթացիկ հարցերը»՝ գերադասելով ձեռնպահ մնալ «գլոբալ բնույթի» երկարաժամկետ պլաններից, կարձագանքի իրադարձություններին, այլ ոչ թե ակտիվ կլինի իրավիճակը կանխորոշեու առումով»,-ասել է Կռիլովը:

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասը չես համարի կայուն ու բարգավաճող տարածաշրջան: Այստեղի խնդիրների լուծմանը կարող է նպաստել անցումը մրցակցությունից, և առավել ևս առճակատումից Ռուսաստանի ու «հավաքական Արևմուտքի» միջև, համագործակցության քաղաքականությանը: «Եթե սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվի, նոր հնարավորություններ կառաջանան քաղաքական խնդիրների լուծման համար: Մեծ դեր այստեղ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխգործակցությունը: «Ֆրանսիան իր սեփական շահերն ունի Կովկասում, թեկուզ ելնելով նրանից, որ այդ երկրում, ինչպես և Ռուսաստանում, մեծաթիվ հայ համայնք կա: Վերջին երկու տասնամյակներում երկրները արժեքավոր փորձ են կուտակել Հարավային Կովկասի խնդիրների լուծման հարցում: «Ռուսաստանն ու Ֆրանսիան միջնորդներ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և ակտիվ համագործակցում են ԵԱՀԿ ՄԽ-ում: Թեև հակամարտող կողմերի դիրքորոշումները դեռ բացառում են իրար, բանակցությունների շարունակականությունն ու հրաժարումը ռազմական գործողությունների վերսկսումից, Մինսկի խմբի անհերքելի նվաճումն է»,-ասել է Կռիլովը:

Քաղաքագետը հիշեցրել է, որ 2008 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ակտիվ միջնորդական ջանքերը թույլ տվեցին սեղմ ժամկետում դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի տարածքում: Այդ դեպքում Ֆրանսիայի դիրքորոշումը շատ ավելի կառուցողական ու արդյունավետ եղավ, քան ԵՄ-ինը, և Ռուսաստանում դա բարձր գնահատեցին: Սա վկայում է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են համատեղ ջանքերով հաջողության հասնել այնտեղ, որտեղ հաճախ չեն հասնում ավելի մեծ ու «ծանրաքարշ» ձևաչափերը:

«Չնայած Մոսկվայի ու Փարիզի տարակարծություններին միջազգային շատ հարցերում, Կովկասը շարունակում է մնալ այն տարածաշրջանը, որտեղ կա իրական հնարավորություն սերտացնելու ռուս-ֆրանսիական համագործակցությունը՝ հաղթահարելու համար հակամարտությունները, կարգավորելու իրավիճակն ու լուծելու բազում խնդիրները: Նման կառուցողական համագործակցությունը կբխեր ինչպես Ռուսաստանի ու Ֆրանսիայի, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների և այստեղ բնակվող բոլոր ժողովրդների շահերից»,-ասել է Ալեքսանդր Կռիլովը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---